Միջնորդների լռության պատճառով Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

17.03.2009

ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, մարտի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից սպանվել է մարտական հերթապահություն իրականացնող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողը:

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից այդ նույն շրջանում իրականացրած դիտարկման հաջորդ օրը:

Տվյալ միջադեպը, որը հանգեցրել է մարդկային կորստի, տեղի է ունեցել միջնորդների եւ Ա.Կասպշիկի գրասենյակի կողմից հրապարակային գնահատականի բացակայության պատճառով` Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումների վերաբերյալ, որոնք արդեն տեղի են ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ:

Նմանատիպ գործողությունների վերաբերյալ քաղաքական գնահատականի բացակայությունը, ինչին բազմիցս ուշադրություն է հրավիրել պաշտոնական Ստեփանակերտը, պարզապես արձակում են ագրեսիվ կողմի ձեռքերը, որն աննպատակահարմար է գտնում անգամ հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` 2008թ. դեկտեմբերի 4-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած առաջարկությունն առ այն, որ վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է առաջնային գծերից հեռացնել դիպուկահարներին:

Print Friendly, PDF & Email