Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հաղորդագրությունը

07.02.2009

Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 14.40-ին Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում` Աղդամի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ տեղի է ունեցել ԼՂՀ քաղաքացի Բադ Թադեւոսյանի դիակի հանձնումը: Նա զոհվել էր ս.թ. հունվարի 26-ին նշված վայրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում:

Չնայած այն բանին, որ Բադ Թադեւոսյանի դիակը արդեն տասը օր Ադրբեջանի տարածքում էր գտնվում, փետրվարի 5-ին միայն ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին հայտնեց դիակը ղարաբաղյան կողմին հանձնելու պատրաստակամության մասին:

Մինչդեռ նմանատիպ դեպքերում հայկական կողմը անմիջապես տեղեկացնում է տեղի ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ ներկայացուցչություններին: Օրինակ, ԼՂՀ իշխանությունները, հավատարիմ մնալով ժնեւյան կոնվենցիաների սկզբունքներին, անհապաղ վերադարձրել են ադրբեջանցի զինվորի դիակը, որը սպանվել էր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավարեւմտյան ուղղությամբ տեղի ունեցած նմանատիպ միջադեպի ժամանակ:

Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը մեկ անգամ եւս ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Բադ Թադեւոսյանը քաղաքացիական անձ է, այլ ոչ թե զինծառայող, ինչպես նրան ներկայացրել էր ադրբեջանական կողմը: Մինչեւ զոհվելը նա քաղաքացիական հագուստով էր` վերնաշապիկով եւ ջինսով, որը եւ սկզբից ցուցադրվել էր ադրբեջանական հեռուստաալիքներով: Սակայն հետագայում անսպասելիորեն սպանվածի վրա հայտնվեց զինվորական հագուստ, ընդ որում, ադրբեջանական բանակի տարբերանշաններով: Դժբախտաբար ադրբեջանական ԶԼՄ-ները այս գործընթացը վերածել են քաղաքական շոուի: Դեռ ավելին, առկա են դիակը ծաղր ու ծանակի ենթարկելու փաստերը:

Խիստ քննադատելով նման գործողությունները` ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ ժնեւյան կոնվենցիաների սկզբունքներին եւ չքաղաքականացնել մարդասիրական հարցերը:

Print Friendly, PDF & Email