Պետական խորհրդանիշները

Դրոշը

Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին: Արցախի Հանրապետության պետական դրոշն ուղղանկյունաձև պաստառ է` կարմիր, կապույտ և նարնջագույն համահավասար հորիզոնական շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2:

Զինանշանը

Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը: Արցախի Հանրապետության պետական զինանշանն է՝ թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները, և պատկերված է Արտաշեսյան արքայատոհմի թագը: Կենտրոնում «Մենք ենք մեր սարերը» քանդակի պատկերն է՝ Արցախի Հանրապետության պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա: Ներքևի մասում՝ արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում հայերեն գրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

Օրհներգը

Պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» ստեղծագործության տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:

Հիմն

Արցախի Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում:

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Print Friendly, PDF & Email