Երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև

Չնայած Ադրբեջանն ի սկզբանե փորձում էր անտեսել ղարաբաղյան կողմը՝ ձգտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ ակտիվ ռազմական գործողությունների շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայացել է ուղիղ բանակցությունների մի քանի փուլ: Դրանք առանձնապես կարևոր նշանակություն ձեռք բերեցին նրանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի թիմը երկու անգամ (1992 թ. սեպտեմբերին և 1993 թ. ապրիլին), ըստ էության, ընդհատեց Մինսկի բանակցային գործընթացը1:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի առաջին ուղիղ խորհրդապահական շփումները կայացել են 1992 թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական Արկադի Ղուկասյանի և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Հիքմեթ Հաջիզադեի միջև:

1993 թ. ապրիլի 10-16 Մոսկվայում ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ անցկացվեցին եռակողմ խորհրդապահական բանակցություններ Արկադի Ղուկասյանի, Հիքմեթ Հաջիզադեի և Դավիթ Շահնազարյանի (Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ) միջև2:

Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո կողմերի միջև ուղիղ շփումները շարունակվեցին, այդ թվում՝ հեռախոսակապի և ֆաքսի միջոցով: Առաջին հեռախոսազրույցը կայացավ 1993 թ. հունիսի 27-ին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջև:

1993 թ. հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց հանդիպումը: ԼՂՀ կողմից մասնակցում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, ազգային անվտանգության գլխավոր վարչության նախագահ Կամո Աբրահամյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Աղասարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը՝ որպես քարտուղար: Ադրբեջանական կողմը ներկայացնում էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը, պետական նախարար Ի. Ալիևը, Ռազմագերիների և պատանդների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի. Քյազիմովը, ԱԳՆ ներկայացուցիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, քարտուղար Ն. Թալիբովը: Հանդիպմանը ղարաբաղյան կողմը փոխանցեց ռազմական գործողությունների սահմանափակումը երկարաձգելու մասին համաձայնագրի տեքստը՝ ստորագրված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից, որը Սաֆար Աբիևը ստորագրեց հաջորդ օրը և ֆաքսով ուղարկեց Ստեփանակերտ:

1993 թ. սեպտեմբերի 12-13 Մոսկվայում կայացավ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովի հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ կոմյունիկե: Հանդիպման ընթացքում կողմերը ռազմաքաղաքական խնդիրների հետ մեկտեղ քննարկեցին նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի միջև հանդիպումը տեղի ունեցավ 1993 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում: Ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը գաղտնի բնույթ էր կրում, հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց՝ շարունակելու ուղիղ շփումները։

Նույն օրը Աղդամի շրջանում՝ ռազմաճակատի գծում, տեղի ունեցավ ԼՂՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Ժիրայր Պողոսյանի և Աբբաս Աբբասովի հանդիպումը:

Երկկողմ հանդիպումների հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը 1993 թ. ամռանը և աշնանը նաև կանոնավոր հեռախոսային կապ էին պահպանում ռազմական և քաղաքական ղեկավարության մակարդակով և փոխանակում պաշտոնական գրություններ:

Ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև բանակցությունների հիմնական թեման, անշուշտ, հրադադարի խնդիրն էր: Այդ շփումների շնորհիվ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շուրջ տասը երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման մասին, որոնք և ճանապարհ հարթեցին 1994 թ. մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ անժամկետ հրադադարի հաստատման համար։

Սակայն, չնայած ուղիղ հանդիպումների շարունակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին, ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց ԼՂՀ հետ երկկողմ շփումներից: Այնուամենայնիվ, մինչև 1997 թ. բանակցությունները շարունակվում էին եռակողմ՝ ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով:

Ադրբեջանական կողմի հրաժարվելը ԼՂՀ հետ շփումներից՝ թե՛ երկկողմ և թե՛ եռակողմ ձևաչափերով, լուրջ բարդություններ առաջացրեց բանակցային գործընթացում և մինչ օրս էլ հանդիսանում է հիմնական խոչընդոտներից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ և բոլոր միջոցներով խոչընդոտելով նրա ուղղակի և լիարժեք ներգրավմանը բանակցային գործընթացին՝ Ադրբեջանն իրականում ձգձգում է հակամարտության վերջնական կարգավորումը և նպաստում ստատուս-քվոյի պահպանմանը:

 


 

Ref

1. В. Казимиров. Мир Карабаху. Посредничество России в урегулирование нагорно-карабахского конфликта.-М.: Междуанродные отношения, 2009. էջ 93

2. Ibid. էջ 94

Print Friendly, PDF & Email