Արցախի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը NEWS.am վերլուծական-լրատվական գործակալությանը

04.04.2017
Minister of Foreign Affairs of Artsakh Karen Mirzoyan

Ապրիլի 2-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարելիցը: Ազդե՞լ է արդյոք այն պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման վրա:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի ենթարկվել որեւէ փոփոխության։ Այս համատեքստում տեղին է խոսել միայն մեր դիրքորոշման կոնսոլիդացիայի մասին։ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած ուղուն՝ կառուցել եւ զարգացնել անկախ, ժողովրդավարական պետություն եւ հասնել նրա միջազգային ճանաչմանը։

Ղարաբաղյան կողմը պաշտոնապես հասնելո՞ւ է արդյոք Միջազգային հումանիտար իրավունքի խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի զինծառայողներին պատժելուն:

Համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ ռազմական հանցագործությունների եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ աղաղակող փաստերը պետք է հասու լինեն միջազգային հանրությանը, եւ ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ հանցագործությունների մեղավորներին դատապարտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դա է միակ ճանապարհը՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունն ապագայում։

Այս ուղղությամբ մեր կողմից արդեն որոշակի աշխատանքներ ենտարվել։ Մասնավորապես, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում տարածվել են Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտագրերը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետեւանքների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների ոտնահարմանկոպտագույն դեպքերի եւ ռազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։ Մեր կողմից նաեւ շրջանառվել են Արցախի Պաշտպանության նախարարության եւ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունները, Գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը՝ ադրբեջանական կողմի հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, ինչպես նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապրիլյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ միջանկյալ հրապարակային զեկույցները։

Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունների մասին միջազգային լսարանին իրազեկելու գործում մեծապես կարեւորում ենք նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցների դերը։

Ձեր կարծիքով, վերջին տարիներին կա՞ որեւէ առաջընթաց Արցախի Հանրապետության միջազգային ներկայացվածության առումով:

Այո, մեր գնահատմամբ, Արցախի միջազգային ներկայացվածության առումով կան տեղաշարժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւեր են ընդունվել ԱՄՆ 7 նահանգների եւ 4 քաղաքների, Ավստրալիայի 1 նահանգի, ինչպես նաեւ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից եւ 15 համագործակցության համաձայնագրեր ստորագրվել Արցախի տարբեր քաղաքների եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի եւ Բրազիլիայի քաղաքների միջեւ, ինչպես նաեւ մեկ համաձայանագիր՝ Արցախի եւ Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջեւ։ Արտաքին գործերի նախարարության առաջնահերթ նպատակներից է այդ դրական միտումների ամրապնդումն ու հետագա զարգացումը։

Վերջերս ԵԽ նախարարների կոմիտեում քննարկվում էին «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը, ընդ որում որոշում է կայացվել, որ Ադրբեջանը պետք է մինչեւ հունիս գործողությունների ծրագիր ներկայացնի: Ըստ Ձեզ, փախստականների խնդիրը լուծելի՞ է:

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերը մասնավոր դեպքեր են եւ վերաբերում են բացառապես անհատական՝ առաջին հերթին, գույքային իրավունքների իրավական պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրին, ապա այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից մեկն է եւիր համապարփակ լուծումը կարող է գտնել միայն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։

Ինչպե՞ս եք գնահատում ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածը, նաեւ եվրոպական պատգամավորների, գիտնականների եւ ընկերությունների դեմ Ադրբեջանի ճնշումների փորձերը:

Ձեր կողմից հիշատակված օրինակները Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացմանն ուղղված արշավի հերթական դրսեւորումներն են։ Սակայն, ինչպես մենք տեսնում ենք, այդ քայլերը հակառակ արդյունքներ են բերում. բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ, բլոգերներ եւ ակտիվ քաղաքական գործիչներ իրենց բողոքն են արտահայտում եւ դատապարտում Ադրբեջանի նման քաղաքականությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, մասնավորապես՝ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում եւ ոտնահարում։ Ավելին,մենք ականատես ենք, որ Ադրբեջանի այդ քայլերը հանգեցնում են արտաքին աշխարհում Արցախի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը եւ դեպի Արցախ այցելուների թվի աճին։

Հանրապետության անվան փոփոխությունը կարո՞ղ է ընկալման երկակիության հանգեցնել միջազգային հանրության ոչ այնքան շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում:

Համոզված ենք, որ ժամանակի ընթացքում՝ համապատասխան աշխատանքի պարագայում,միջազգային լսարանի համար ավելի կիրառելի կդառնա մեր երկրի պատմական՝ Արցախ անվանումը։ Այս գործում իր մասնաբաժինն ունի նաեւ մեր մամուլը։

Print Friendly, PDF & Email