Հոդված 166. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը
1. Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ 93-րդ հոդվածի 11-րդ կետի և 96-րդ հոդվածի, ուժի մեջ են մտնում Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2006 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները: 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը շարունակում է գործել մինչև Սահմանադրության 173-րդ հոդվածով սահմանված ժամկետը:
3. Սահմանադրության 93-րդ հոդվածի 11-րդ կետում ամրագրված դրույթը և 96-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հոդված 167. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը
1. Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնում է Սահմանադրությանը:
2. Դատական օրենսգիրքը և Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
3. Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից 90 օր առաջ:
Հոդված 168. Հանրապետության նախագահի ընտրությունը
1. Գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:
3. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:
Հոդված 169. Կառավարության լիազորությունների դադարումը
Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, իսկ նոր Կառավարությունը կազմավորվում է Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 170. Գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի ու անդամների պաշտոնավարումը
1. Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
2. Վերահսկիչ պալատի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ ու անդամներ մինչև իրենց լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ և օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
Հոդված 171. Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություն անցկացնելը
Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններն անցկացվում են Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 172. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը
Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 144-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:
Հոդված 173. Տարածքային քաղաքականության իրագործումը և վարչատարածքային բաժանման վերանայումը
1. Մինչև վարչատարածքային բաժանման վերանայումը գործում է 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը:
2. Վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում:
Հոդված 174. Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 151-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված դրույթը տարածվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները
Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: