Գլուխ 11 Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եվ հանրաքվեն

Հոդված 162. Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը

1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 6-րդ, 9-րդ և 11-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 87-90-րդ, 92-94-րդ, 96-րդ, 106-րդ հոդվածներում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 108-րդ հոդվածի 1-ին մասում, 109-րդ, 121-րդ, 131-րդ, 132-րդ և 175-րդ հոդվածներում փոփոխու­թյուն­ներն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամա­վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հանրապետության նախա­գահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված գլուխների և հոդվածների՝ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատ­գամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
3. Հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: 

Հոդված 163. Սահմանադրության անփոփոխելի հոդվածները

Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Հոդված 164. Օրենքների և այլ հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը

Օրենքները, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերը հանրաքվեի են դրվում հանրաքվեի մասին օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 165. Հանրաքվեի դրված ակտի ընդունումը

Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հան­րաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: