Հոդված 160. Հաշվեքննիչ պալատի գործառույթները և լիազորությունները
1. Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում:
2. Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա:
3. Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում՝
1) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում.
2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն.
3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:
4. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 161. Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը
1. Հաշվեքննիչ պալատը կազմված է հինգ անդամից:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ:
3. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
4. Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
5. Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: