Հոդված 146. Դատախազությունը
1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.
6) օրենքով սահմանված բացառիկ դեպքերում իրականացնում է մինչդատական քրեական վարույթ:
3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 147. Գլխավոր դատախազը
1. Գլխավոր դատախազը Հանրապետության նախագահի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ։
2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: