Հոդված 135. Արդարադատության իրականացումը
1. Արցախի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
Հոդված 136. Դատարանները
1. Արցախի Հանրապետությունում գործում են Գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Հոդված 137. Դատավորի կարգավիճակը
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
4. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
5. Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:
6. Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:
7. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
8. Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:
9. Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:
Հոդված 138. Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները
1. Գերագույն դատարանի դատավոր կարող է նշանակվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
3. Դատավորների թեկնածուները պետք է տիրապետեն հայերենին:
4. Դատավորների թեկնածուների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
Հոդված 139. Դատավորների նշանակման կարգը և պաշտոնավարման ժամկետը
1. Դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ։
2. Դատարանների նախագահների համար Դատական օրենսգրքով կարող է սահմանվել պաշտոնավարման ժամկետ:
3. Դատավորն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
4. Դատավորների նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:
Հոդված 140. Գերագույն դատարանը
1. Արցախի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը Գերագույն դատարանն է:
2. Գերագույն դատարանը իրականացնում է սահմանադրական արդարադատություն` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
3. Գերագույն դատարանը կազմված է Գերագույն դատարանի նախագահից և վեց դատավորից:
Հոդված 141. Գերագույն դատարանի գործառույթներն ու լիազորությունները
1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը որոշում է դրանցում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
4) լուծում է հանրաքվեի, Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
5) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.
6) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին.
8) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։
2. Որպես բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Հոդված 142. Սահմանադրական արդարադատության հարցերով Գերագույն դատարան դիմելը
1. Գերագույն դատարան կարող են դիմել՝
1) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում և հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված դեպքերում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ.
3) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված դեպքերում.
4) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
5) Կառավարությունը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում.
6) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով.
7) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.
8) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
9) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
10) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:
2. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը:
3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Գերագույն դատարան դիմում է Հանրապետության նախագահը:
4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Գերագույն դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
5. Գերագույն դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են օրենքով: 6. Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
Հոդված 143. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները
1. Գերագույն դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:
2. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
3. Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:
4. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերի, ընդունում է որոշումներ, իսկ 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ:
5. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:
Հոդված 144. Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակն ու կազմավորման կարգը
1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
2. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է հինգ անդամից:
3. Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ:
4. Բարձրագույն դատական խորհրդի մեկական անդամ նշանակում են Հանրապետության նախագահը և Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:
6. Բարձրագույն դատական խորհուրդը իր դատավոր անդամների կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ:
7. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:
Հոդված 145. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների՝ ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Ազգային ժողովին առաջարկում է դատարանների նախագահների և դատավորների թեկնածուներին.
3) լուծում է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
4) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
5) լուծում է դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.
6) հաստատում է դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
3. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով: