Գլուխ 5 Ազգային ժողովը

Հոդված 106. Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանա­դրու­թյամբ և օրենքներով:
5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Հոդված 107. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

1. Ազգային ժողովը կազմված է ոչ պակաս, քան 27 և ոչ ավել, քան 33 պատգամավորից: Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Ընտրական օրենսգրքով:
2. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:
3. Ազգային ժողովի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 108. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը

1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազո­րու­թյունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազո­րությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգա­յին ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Հոդված 109. Ազգային ժողովի հերթական ընտրությունը

Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետու­թյան նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Հոդված 110. Ներկայացուցչական մանդատը

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Հոդված 111. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանա­վորված պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մար­մին­ներում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 112. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամա­վորա­կան գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեար­կության համար:
2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուց­վել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն, առանց Ազ­գա­յին ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից՝ բացա­ռությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 113. Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովը արձակելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետու­թյան քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապար­տելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգոր­ծու­նակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատա­րանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:
3. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են Գերագույն դատարանի որոշմամբ:

Հոդված 114. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները, արտահերթ նստաշրջանը և նիստը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարե­կան երկու անգամ՝ Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ժամկետ­ներում:
2. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:
3. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Հոդված 115. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:
2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգա­մավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշ­մամբ անցկացնում է փակ նիստ: Փակ նիստում քվեարկությունն արգելված է:

Հոդված 116. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը

1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
2. Հանրապետության նախագահի առարկությունները և առաջարկու­թյուն­ները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ:
3. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:
4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 117. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և մեկ տեղակալ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի փոփոխման մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի նոր թեկնածու:
3. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Հոդված 118. Ազգային ժողովի խմբակցությունները

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:
2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 119. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովը օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնա­ժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան յոթ մշտական հանձնաժողով:
2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցու­թյուն­ներում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտա­կան հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցություն­ների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Հոդված 120. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարու­թյուն­ների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակա­ցություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Հոդված 121. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահան­ջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրու­թյուն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժո­ղովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:
3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:
4. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձ­նա­ժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:
5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահման­վում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 122. Օրենսդրական նախաձեռնությունը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն Հանրապետության նախագահը և պատգամավորը:
2. Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

Հոդված 123. Պետական բյուջեի ընդունումը

1. Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետու­թյան բոլոր եկամուտները և ծախսերը:
2. Հանրապետության նախագահը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:
3. Պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում չընդունվելու դեպքում մինչև պետական բյուջեի ընդունումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Հոդված 124. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազ­գային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։
2. Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Հոդված 125. Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը

1. Պատգամավորներն իրավունք ունեն բանավոր հարցերով դիմելու Հանրապետության նախագահին և Կառավարությանը: Հանրապետության նախագահը և Կառավարության անդամները պատգամավորների բանավոր հարցերին պատասխանում են Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:
2. Պատգամավորներն ունեն Հանրապետության նախագահին և Կառա­վա­րության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

Հոդված 126. Հարցապնդումները

1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Հանրապետության նա­խա­գահին և Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:
2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժո­ղովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատաս­խանը քննարկվում է:
3. Հարցապնդումներով դիմելու, դրանց պատասխանելու և Ազգային ժողո­վում քննարկելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնա­կարգով:

Հոդված 127. Հրատապ թեմայով քննարկումները

Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատ­գամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրա­տապ թեմայով քննարկումներ:

Հոդված 128. Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը

1. Ազգային ժողովը, օրենքով նախատեսված դեպքերում վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում միջազգային պայմանագրերը:
2. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի ներկայացմամբ մի­ջազ­գային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարա­րում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:
3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Հոդված 129. Համաներումը

Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

Հոդված 130. Պատերազմ հայտարարելը և խաղաղություն հաստատելը

1. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:
2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության նախագահը:

Հոդված 131. Ռազմական դրությունը

1. Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմի­ջա­կան վտանգի առկայության կամ պատերազմի դեպքերում Հանրապետության նախագահը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
4. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան ընդունված հրամանագիրը՝ դրա ընդունումից հետո՝ 48 ժամվա ընթացքում:
5. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

Հոդված 132. Արտակարգ դրությունը

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպ­քում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտա­րա­րել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառում­ների իրականացումը:
4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

Հոդված 133. Արտակարգ իրավիճակը

1. Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ:
2. Արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով:

Հոդված 134. Վարչատարածքային միավորները և բաժանումը

1. Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են համայնքները:
2. Վարչատարածքային բաժանումը Հանրապետության նախագահի ներ­կա­յաց­մամբ սահմանվում է օրենքով: