Հոդված 87. Հանրապետության նախագահի կարգավիճակը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
Հոդված 88. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:
3. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Հոդված 89. Հանրապետության նախագահի ընտրության կարգը և ժամկետները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:
2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: 4. Հանրապետության նախագահի ընտրությունների մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
Հոդված 90. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները
Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակվում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Հոդված 91. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Հոդված 92. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Հոդված 93. Հանրապետության նախագահի լիազորությունները
Հանրապետության նախագահը՝
1) ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը.
2) իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը.
3) սահմանում է Կառավարության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը.
4) նշանակում և ազատում է պետական նախարարին, նախարարներին.
5) կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոցները.
6) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
7) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.
8) ներկայացնում է Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
9) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
10) կարող է հրամանագիր ընդունել ռազմական դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չանցկացնելու մասին.
11) կարող է արձակել Ազգային ժողովը՝ բացառությամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում ընկած ժամանակահատվածի, պատերազմի և արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև այն դեպքի, երբ ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ.
12) Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովի նախագահին.
13) Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը.
14) հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ.
15) համաներում հայտարարելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովին.
16) ուղերձով կարող է դիմել ժողովրդին և Ազգային ժողովին.
17) Ազգային ժողովի նիստում ամենամյա հաղորդում է ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ.
18) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածուին: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
19) նշանակում է Բարձրագույն դատական խորհրդի մեկ իրավաբան անդամի.
20) աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ.
21) պարգևատրում է Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
22) օրենքով սահմանված կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը.
23) օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը.
24) ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր՝ հրամանագրեր ու կարգադրություններ:
Հոդված 94. Հանրապետության նախագահի լիազորությունները ազգային անվտանգության բնագավառում
1. Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
2. Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:
3. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
4. Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով Հանրապետության նախագահն իրեն կից ձևավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, և նախագահում այն:
Հոդված 95. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
1. Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
2. Այդ ժամկետում Հանրապետության նախագահը կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:
Հոդված 96. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը
Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Հանրապետության նախագահին:
2. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
3. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:
4. Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
5. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարում են:
6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաև այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:
Հոդված 97. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
3. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:
4. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
5. Պաշտոնանկ արված Հանրապետության նախագահը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին:
Հոդված 98. Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Հոդված 99. Հանրապետության նախագահի լիազորությունների դադարեցումը
Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 88-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու, նրա ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հոդված 100. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր իրականացումը
Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Հոդված 101. Կառավարության կարգավիճակը և գործառույթները
1. Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:
2. Կառավարությունը Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա ու նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը:
3. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, օրենքներով և Հանրապետության նախագահի հրամանագրերով:
Հոդված 102. Կառավարության կազմը, պետական նախարարի և նախարարների իրավասություններն ու գործունեության անհամատեղելիության պահանջները
1. Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից:
2. Պետական նախարարը համակարգում է այն նախարարների գործունեությունը, որոնք սահմանվում են Հանրապետության նախագահի կողմից:
3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
4. Պետական նախարարը և նախարարները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 103. Կառավարության կազմավորումը
1. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
2. Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում:
3. Հանրապետության նախագահը Կառավարության կազմավորումից հետո հրապարակում է Կառավարության կազմը:
Հոդված 104. Հանրապետության նախագահի ծրագիրը
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը:
Հոդված 105. Կառավարության նիստերը և որոշումները
1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Կառավարության նիստերը վարում է պետական նախարարը:
2. Կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության նախագահը:
3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: