Հոդված 81. Աշխատանքային պայմանները
Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Հոդված 82. Սոցիալական ապահովությունը
Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Հոդված 83. Արժանապատիվ ապրելը և նվազագույն աշխատավարձը
1. Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ ապրելու իրավունք:
2. Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:
Հոդված 84. Առողջության պահպանությունը
1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:
Հոդված 85. Պետության քաղաքականության հիմնական նպատակները
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.
3) հայրենիքի պաշտպանության համար հաշմանդամ դարձած անձանց և զոհվածների ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ հոգածության դրսևորումը.
4) բնակարանային շինարարության խթանումը.
5) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
6) ծնելիության և բազմազավակության խթանումը.
7) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
8) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
9) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
10) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.
11) տարածքային համաչափ զարգացումը.
12) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
13) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.
14) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.
15) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.
16) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.
17) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:
Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակները:
2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված հաղորդման շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ: